Գլխավոր \ Մեր պատմությունը

Մեր պատմությունը

Արցախի հեռուստատեսությունը ստեղծվել է 1988 թվականին:  Անդրանիկ ծրագիրը եթեր է հեռարձակվել հունիսի 1-ին, որն էլ համարվում է Արցախի հեռուստատեսության ծննդյան օրը:   Լեռնային Ղարաբաղի ինքնավար  մարզում  հեռուստատեսությունը  ստեղծվել է Խորհրդային Միության ինքնավար հանրապետություններում և մարզերում տեղական հեռուստատեսությունների ստեղծման ծրագրի շրջանակներում, որի իրականացումը ձգձգվում էր Ադրբեջանի կողմից մարզի հայ բնակչության նկատմամբ տարվող քաղաքականության պատճառով: 1988-ին շուրջ վեց տասնամյակի կենսագրություն ունեցող մարզային ռադիոյի  կողքին հեռուստատեսություն ունենալու արցախցիների երազանքն իրականություն դարձավ: 
 Արցախի հեռուստատեսության ծնունդը համընկավ արցախահայության ազգային ազատագրական պայքարի նոր փուլի մեկնարկի հետ:  Նորաստեղծ հեռուստատեսությունը դարձավ Ղարաբաղյան շարժման խոսափողն ուգաղափարախոսը:   Հեռուստատեսության  կայացման  գործընթացը, որին էական նպաստ բերեցին Հայաստանի հեռուստատեսությունն ու Երևանից  Ստեփանակերտ գործուղղված մասնագետները, ընթանում էր  խորհրդային և ադրբեջանական ուժային կառույցների կողմից ստեղծվող խոչընդոտների, մարզում հայտարարված արտակարգ դրության պատճառով մտցված արգելքների և սահմափակումների պայմաններում: Հեռուստահաղորդակի  Շուշիում գտնվելու պատճառով, որն այդ ժամանակ հիմնականում ադրբեջանցիներով էր բնակեցված, հեռուստատեսության աշխատանքը  լիովին կախված էր ադրբեջանցիների քմահաճույքներից և պարբերաբար ընդհատվում էր: Չնայած դժվարություններին և հալածանքներին,  հեռուստատեսությունն այդ փուլում պատվով կատարեց իր առաքելությունը:
Արցախին պարտադրված պատերազմի տարիներին  հեռուստատեսության աշխատակիցների զգալի մասը զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը, իսկ մնացածների  ուսերին դրվեց ազատագրական պայքարի լուսաբանման և պատերազմական տարեգրության ստեղծման  գործը: Պատերազմում հերոսաբար զոհվել են Արցախի հեռուստատեսության ռեժիսոր Ալեքսանդր Գասպարյանը, օպերատոր Սերգեյ Համբարձումյանը և ինժեներ  Արամ Զաքարյանը:  Օպերատոր Արմեն Սարգսյանը  համարվում է անհայտ կորած: Ազատամարտի տարիներին  նակարահանված անգնահատելի կադրերն ու հաղորդումները, ֆիլմերը  ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում, օգնել  մարդկանց ճշմարիտ պատկերացում  կազմել Ղարաբաղյան պատերազմի մասին:
1992թ. փետրվարին Շուշիից իրականացված հրթիռահրետանակոծության հետևանքով հեռուստակենտրոնի շենքը լիովին ավերվեց: Շուշիի ազատագրումից հետո Արցախի հեռուստատեսության աշխատակիցները հայաստանյան գործընկերների  օգնությամբ կարճ ժամկետում  ձեռնամուխ եղան նոր, ժամանակավոր  հեռուստաստուդիայի ստեղծմանը, որտեղից առաջին անգամ հաղորդումները   եթեր տրվեցին  1992թ.հունիսի 23-ին: 
Պատերազմի տարիներին Արցախի հեռուստատեսության  աշխատանքը տեղեկատվության ու նաև ոգևորության աղբյուր էր ինչպես թիկունքում գտնվողների, այնպես էլ առաջին գծում մարտնչող ազատամարտիկների համար: 
Հետպատերազմական` ոչ խաղաղություն–ոչ պատերազմ պայմաններում, հեռուստատեսության ուշադրության կենտրոնում էին Արցախի վերականգնման,պաշտպանունակության ամրապնդման խնդիրները:  
1998թ. հեռուստատեսությունը տեղափոխվեց նոր, հարմարեցված շենք: Հեռուստատեսային նոր ստուդիան ստեղծվեց արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի  աջակցությամբ:
 2003 թվականին ՙՀեռուստատեսության և ռադիոյի մասին՚ օրենքի ընդունմամբ   Արցախի հեռուստատեսությունը ստացավ հանրայինի կարգավիճակ:
2008 թվականին Արցախի հեռուստատեսությունը նշեց իր 20-ամյակը` հոբելյանական տարում  ունենալով  լրատվական, քաղաքական, տնտեսական, երիտասարդական, մանկական, մշակութային, մարզական և այլն թեմաներով երեքժամյա ամենօրյա  ծրագրեր: